ARIN
Ինտերնետային համարների ամերիկյան գրանցամատյան (անգլ.՝ American Registry for Internet Numbers, ARIN) տարածաշրջանային ինտերնետային գրանցամատյան, սպասարկում է ԱՄՆ-ը, Կանադան, Կարիբյան տարածաշրջանի և Հյուսիսային Ատլանտիկայի բազմաթիվ երկրներ ու տարածքներ։ ARIN-ը կառավարում է ինտերնետային համարային ռեսուրսների բաշխումը, այդ թվում՝ IPv4 և IPv6 հասցեների տարածությունը և ինքնավար համակարգերի (AS) համարները։ Կազմակերպությունը գրանցվել է 1997 թվականի ապրիլի 18-ին և պաշտոնապես սկսել է գործունեությունը նույն թվականի դեկտեմբերի 22-ին[1][2]։ ARIN-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Չանտիլի քաղաքում[3][4]։ ARIN-ը աշխարհի հինգ տարածաշրջանային ինտերնետային գրանցամատյաններից մեկն է[5]։
Ինչպես մյուս տարածաշրջանային ինտերնետային գրանցամատյանները, ARIN-ը՝
- տրամադրում է ինտերնետային համարային ռեսուրսների տեխնիկական համակարգման և կառավարման ծառայություններ,
- նպաստում է իր անդամների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քաղաքականության մշակմանը,
- մասնակցում է միջազգային ինտերնետային համայնքի գործունեությանը,
- գործում է որպես համայնքի վրա հիմնված ոչ առևտրային կազմակերպություն,
- կառավարվում է իր անդամների կողմից ընտրվող ղեկավար խորհրդի միջոցով։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ARIN-ը տրամադրում է ինտերնետային համարային ռեսուրսների տեխնիկական համակարգման և կառավարման հետ կապված ծառայություններ։
Կազմակերպության առաքելության համաձայն՝ ARIN-ն աջակցում է համացանցի գործունեությանը՝ իր սպասարկման տարածաշրջանում կառավարելով ինտերնետային համարային ռեսուրսները, համակարգելով այդ ռեսուրսների կառավարման քաղաքականության մշակումը և տեղեկատվական գործունեության միջոցով նպաստելով համացանցի զարգացմանը։
Կազմակերպությունը շարունակում է կիրառել բաց, թափանցիկ և բազմաշահառու գործընթաց՝ գրանցամատյանի քաղաքականությունը մշակելու համար[6]։
ARIN-ի ծառայությունները բաժանվում են երեք հիմնական ուղղությունների՝ գրանցման, կազմակերպական և քաղաքականության մշակման։
Գրանցման ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցման ծառայությունները վերաբերում են ինտերնետային համարային ռեսուրսների տեխնիկական համակարգմանն ու հաշվառմանը։
Դրանք ներառում են՝
- IPv4 հասցեների հատկացում և նշանակում,
- IPv6 հասցեների հատկացում և նշանակում,
- ինքնավար համակարգերի (AS) համարների նշանակում,
- տեղեկատու ծառայությունների տրամադրում, այդ թվում՝
- գրանցման գործարքների վերաբերյալ տեղեկատվություն (WHOIS),
- երթուղղման տեղեկատվություն և անվտանգություն (Resource Public Key Infrastructure, Internet Routing Registry),
- հակադարձ DNS ծառայություններ (Reverse DNS)։
ARIN-ից ինտերնետային համարային ռեսուրսներ ստանալու ընթացակարգերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակված են կազմակերպության պաշտոնական կայքում։
Այդ բաժնում ներկայացված են ռեսուրսների հատկացման համար անհրաժեշտ պայմանները, բաշխման քաղաքականությունը, ինչպես նաև ինտերնետային համարային ռեսուրսների դիմելու և դրանք կառավարելու ուղեցույցները։
Կազմակերպական ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպական ծառայություններն առնչվում են ARIN-ի, նրա անդամների և մյուս շահագրգիռ կողմերի միջև համագործակցությանը։
Դրանք ներառում են՝
- ARIN-ի հոգաբարձուների խորհրդի, խորհրդատվական խորհրդի և Համարային ռեսուրսների կազմակերպության Համարային խորհրդի ընտրությունների կազմակերպում,
- հանրային քաղաքականության և անդամների ժողովների անցկացում՝ տարեկան երկու անգամ,
- ARIN-ի կազմակերպած տեղեկատվական միջոցառումներին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային ինտերնետային համայնքի միջոցառումներին մասնակցություն,
- տեղեկատվության հրապարակում և տարածում,
- կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացում։
Քաղաքականության մշակման ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքականության մշակման ծառայությունները նպաստում են ինտերնետային համարային ռեսուրսների տեխնիկական համակարգման և կառավարման քաղաքականության ձևավորմանը։
Ինտերնետային համարային ռեսուրսների քաղաքականությունը պետք է համապատասխանի երեք հիմնական սկզբունքների[7]՝
- ապահովի ինտերնետային համարային ռեսուրսների արդար և անկողմնակալ կառավարում,
- լինի տեխնիկապես հիմնավորված,
- ստանա ինտերնետային համայնքի աջակցությունը։
ARIN-ի բոլոր քաղաքականությունները մշակվում են համայնքի մասնակցությամբ։
Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել քաղաքականության մշակման գործընթացին՝ ARIN-ի հանրային քաղաքականության և անդամների ժողովների, ինչպես նաև հանրային քաղաքականության էլեկտրոնային փոստի քննարկումների ցանկի միջոցով։
Այդ գործընթացին մասնակցելու համար ARIN-ի անդամ լինելը պարտադիր չէ։
ARIN-ի հոգաբարձուների խորհուրդը հետևում է, որ քաղաքականության մշակման գործընթացը իրականացվի սահմանված ընթացակարգերի համաձայն, և մինչև համապատասխան քաղաքականության ընդունումը ուսումնասիրում է դրա մշակման ընթացքը։
Այս ուղղությամբ մատուցվող ծառայությունները ներառում են՝
- էլեկտրոնային քննարկումների փոստային ցանկերի վարում,
- հանրային քաղաքականության և անդամների ժողովների անցկացում՝ տարեկան երկու անգամ,
- քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակում։
Կազմակերպական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ARIN-ը բաղկացած է իր սպասարկման տարածաշրջանի ինտերնետային համայնքից, կազմակերպության անդամներից, 10 անդամ ունեցող հոգաբարձուների խորհրդից, 15 անդամ ունեցող խորհրդատվական խորհրդից և մոտ 100 աշխատակիցներից կազմված մասնագիտական անձնակազմից։
Հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամներն ընտրվում են ARIN-ի անդամների կողմից՝ երեք տարի ժամկետով։
Հոգաբարձուների խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]ARIN-ի ընդհանուր անդամներն ընտրում են հոգաբարձուների խորհրդին, որը պատասխանատու է կազմակերպության գործունեության շրջանակի, առաքելության, ռազմավարական ուղղության և ֆինանսական վերահսկողության համար։
Խորհուրդը բաղկացած է 10 անդամից, որոնց թվում են ARIN-ի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը, խորհրդի նախագահը և գանձապահը[8]։
Խորհուրդը որոշում է կազմակերպության ստացած եկամուտների օգտագործման ուղղությունները՝ ապահովելու համար, որ բոլոր ծառայությունները մատուցվեն արդար և հավասարակշռված ձևով։
Գործադիր որոշումներն իրականացվում են հոգաբարձուների խորհրդի հաստատումից հետո։
Խորհրդատվական խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]ARIN-ի խորհրդատվական խորհուրդը խորհրդատվական գործառույթներ է իրականացնում հոգաբարձուների խորհրդի համար՝ ինտերնետային համարային ռեսուրսների քաղաքականության և հարակից հարցերի վերաբերյալ։
Քաղաքականության մշակման գործընթացի ընթացակարգերի համաձայն՝ խորհրդատվական խորհուրդը համաձայնության վրա հիմնված քաղաքականության առաջարկությունները ներկայացնում է հոգաբարձուների խորհրդին՝ հաստատման նպատակով։
Խորհրդատվական խորհուրդը բաղկացած է 15 ընտրված անդամից, ներառյալ նախագահը և նախագահի տեղակալը[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմակերպությունը ստեղծվել է 1997 թվականի դեկտեմբերին՝ որպես անկախ ոչ առևտրային ընկերություն IP հասցեների գրանցման ծառայություններ տրամադրելու նպատակով։
Մինչ այդ, RIPE-ի և APNIC-ի սպասարկման տարածքներից դուրս IP հասցեների գրանցումն իրականացվում էր Network Solutions ընկերության կողմից՝ InterNIC նախագծի շրջանակում և Ինտերնետի ինժեներական աշխատանքային խմբի (IETF) սահմանած քաղաքականության համաձայն[10]։
ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը հավանություն է տվել ոչ առևտրային կազմակերպության ստեղծման ծրագրին։
Այդ նախաձեռնության նպատակն էր IP համարների օգտագործողներին, հիմնականում ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, կորպորացիաներին և այլ խոշոր հաստատություններին, հնարավորություն տալ մասնակցելու Հյուսիսային Ամերիկայում այդ ռեսուրսների կառավարման և բաշխման քաղաքականության մշակմանը[11][12]։
Վերակազմակերպման շրջանակում Network Solutions ընկերությունը ARIN-ին փոխանցել է համապատասխան գործառույթները, ինչպես նաև սկզբնական աշխատակազմի և համակարգչային ենթակառուցվածքների մի մասը[13]։
ARIN-ի առաջին հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված էին Սքոթ Բրեդները, Ջոն Քյուրանը, Քիմ Հաբարդը, Դոն Թելեյջը, Ռենդի Բուշը, Ռայմունդո Վեգա Ագիլարը և Ջոն Փոստելը, որը որպես IANA-ի ներկայացուցիչ խորհրդի անդամ էր ի պաշտոնե[14]։
Կազմակերպության առաջին նախագահը Քիմ Հաբարդն էր, որը պաշտոնավարել է 1997–2000 թվականներին։
Նրան հաջորդել է Ռեյմոնդ «Ռեյ» Պլզակը, որը պաշտոնավարել է մինչև 2008 թվականի վերջը։
Այնուհետև հոգաբարձուների խորհրդի անդամ Ջոն Քյուրանը ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները։ 2009 թվականի հուլիսի 1-ին նա մշտական հիմունքներով նշանակվել է կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն։
Մինչև 2002 թվականի վերջը ARIN-ը սպասարկել է նաև Մեքսիկան, Կենտրոնական Ամերիկան, Հարավային Ամերիկան և ամբողջ Կարիբյան տարածաշրջանը։
Այդ տարածքների զգալի մասի սպասարկումն այժմ իրականացնում է LACNIC-ը։
Սահարայից հարավ ընկած Աֆրիկան նույնպես մտնում էր ARIN-ի սպասարկման տարածաշրջանի մեջ մինչև 2005 թվականի ապրիլը, երբ ICANN-ը պաշտոնապես ճանաչեց AFRINIC-ը որպես հինգերորդ տարածաշրջանային ինտերնետային գրանցամատյան։
2015 թվականի սեպտեմբերի 24-ին ARIN-ը հայտարարեց իր տնօրինության տակ գտնվող ազատ IPv4 հասցեների պաշարի սպառման մասին[15]։
2022 թվականին ARIN-ը փոփոխեց իր անդամակցության կառուցվածքը՝ հնարավորություն տալով վերջնական օգտագործող հանդիսացող հաճախորդներին ստանալու ծառայությունից օգտվող անդամի (Service Member) կարգավիճակ։
2024 թվականին անդամակցության կառուցվածքը կրկին փոփոխվեց՝ ներառելով նաև միայն ինքնավար համակարգի համար (ASN) ունեցող հաճախորդներին։
Ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անդամ կարող է մասնակցել ARIN-ի ընտրություններին՝ դիմելով ընդհանուր անդամի (General Member) կարգավիճակ ստանալու համար[16]։
Այս փոփոխությունների արդյունքում ARIN-ի հետ ինտերնետային համարային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ունեցող բոլոր կազմակերպությունները կարող են մասնակցել նրա կառավարմանը[17]։
Սպասարկման տարածաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]ARIN-ի սպասարկման տարածաշրջանում ընդգրկված են հետևյալ երկրներն ու տարածքները[18]՝
- Անգիլիա (Միացյալ Թագավորություն)
- Անտարկտիդա
- Անտիգուա և Բարբուդա
- Բարբադոս
- Բերմուդյան կղզիներ (Միացյալ Թագավորություն)
- Բուվե կղզի (Նորվեգիա)
- Բրիտանական Վիրջինյան կղզիներ (Միացյալ Թագավորություն)
- Կանադա
- Կայմանյան կղզիներ (Միացյալ Թագավորություն)
- Սեն Մարտեն (Ֆրանսիա)
- Դոմինիկա
- Գրենադա
- Գվադելուպա (Ֆրանսիա)
- Հերդ և Մակդոնալդ կղզիներ (Ավստրալիա)
- Ճամայկա
- Մարտինիկա (Ֆրանսիա)
- Մոնտսերատ (Միացյալ Թագավորություն)
- Պուերտո Ռիկո (ԱՄՆ)
- Սեն Բարտելեմի (Ֆրանսիա)
- Սուրբ Հեղինե, Համբարձման և Տրիստան դա Կունյա կղզիներ (Միացյալ Թագավորություն)
- Սենթ Քիթս և Նևիս
- Սենթ Լյուսիա
- Սեն Պիեռ և Միքելոն (Ֆրանսիա)
- Սենթ Վինսենթ և Գրենադիններ
- Բահամյան Կղզիներ
- Թերքս և Քայքոս կղզիներ (Միացյալ Թագավորություն)
- ԱՄՆ
- ԱՄՆ փոքր հեռավոր կղզիներ (ԱՄՆ)
- ԱՄՆ Վիրջինյան կղզիներ (ԱՄՆ)
Նախկին սպասարկման տարածաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև AFRINIC-ի ձևավորումը ARIN-ի սպասարկման տարածքում էին գտնվում նաև աֆրիկյան հետևյալ երկրները՝
- Անգոլա
- Բոտսվանա
- Բուրունդի
- Կոնգոյի Հանրապետություն
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
- Էսվատինի
- Լեսոտո
- Մալավի
- Մոզամբիկ
- Նամիբիա
- Ռուանդա
- Հարավաֆրիկյան Հանրապետություն
- Տանզանիա
- Զամբիա
- Զիմբաբվե
Մինչև LACNIC-ի ստեղծումը ARIN-ի սպասարկման տարածաշրջանում ընդգրկված էին նաև՝
- Արգենտինա
- Արուբա
- Բելիզ
- Բոլիվիա
- Բրազիլիա
- Չիլի
- Կոլումբիա
- Կոստա Ռիկա
- Կուբա
- Դոմինիկյան Հանրապետություն
- Նիդերլանդական Անտիլներ
- Էկվադոր
- Սալվադոր
- Ֆոլքլենդյան կղզիներ (Միացյալ Թագավորություն)
- Ֆրանսիական Գվիանա
- Գվատեմալա
- Գայանա
- Հաիթի
- Հոնդուրաս
- Մեքսիկա
- Նիկարագուա
- Պանամա
- Պարագվայ
- Պերու
- Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ
- Սուրինամ
- Տրինիդադ և Տոբագո
- Ուրուգվայ
- Վենեսուելա
Այս տարածքների սպասարկման պարտականությունները հետագայում փոխանցվել են համապատասխան տարածաշրջանային ինտերնետային գրանցամատյաններին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «About ARIN».
- ↑ «Articles of Incorporation».
- ↑ "Contact Us." American Registry for Internet Numbers. Retrieved on September 16, 2009.
- ↑ "Chantilly CDP, Virginia Արխիվացված 2009-06-28 Wayback Machine." U.S. Census Bureau. Retrieved on September 16, 2009.
- ↑ «Regional Internet Registries | The Number Resource Organization». www.nro.net. Վերցված է 2026-03-31-ին.
- ↑ «Bylaws». www.arin.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-04-01-ին.
- ↑ «Policy Development Process (PDP)». www.arin.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-30-ին.
- ↑ «Board of Trustees». ARIN.
- ↑ «Advisory Council». ARIN.
- ↑ «Network Information Services Manager(s) for NSFNET and the NREN: INTERNIC Registration Services». National Science Foundation. Վերցված է 19 June 2013-ին.
- ↑ «NSF Press Release regarding ARIN formation». Արխիվացված է օրիգինալից 2011-10-02-ին. Վերցված է 2011-09-09-ին.
- ↑ Strickling, Lawrence. «United States Government's Internet Protocol Numbering Principles». USG/NTIA. Վերցված է 4 December 2012-ին.
- ↑ «Amendment 7 to Cooperative Agreement Between NSI and U.S. Government». ICANN. Վերցված է 16 March 2013-ին.
- ↑ «Former Board Members».
- ↑ «ARIN IPv4 Free Pool Reaches Zero». American Registry for Internet Numbers. 24 September 2015. Վերցված է 25 September 2015-ին.
- ↑ «Membership». www.arin.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-30-ին.
- ↑ «ARIN Membership Explained: What It Means and Why It Matters». American Registry for Internet Numbers. 22 February 2024. Վերցված է 4 March 2024-ին.
- ↑ ARIN Region, countries list