Violet Crumble
| Ստեղծում | 1913 | |
|---|---|---|
| Սեփականատեր | Nestlé | |
| Ստեղծել է | Hoadley's Chocolates | |
| Ծագման երկիր | Ավստրալիա | |
| Պաշտոնական կայք | violetcrumble.com.au | |
Violet Crumble-ն ավստրալիական շոկոլադե սալիկ է: Բատոնը բաղկացած է փխրուն մեղրահացով կարամելից, որը պատված է շոկոլադի շերտով[1]։ Այն առաջին անգամ արտադրվել է Հոդլիս շոկոլադագործի կողմից Հարավային Մելբուռնում՝ մոտավորապես 1913 թվականին, և ներկայումս արտադրվում է Հարավային Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում Ռոբերն Մենցի կողմից[2]։ Նեստլեի սեփականության շրջանից հետո: Դրա գովազդային կարգախոսն է «Կարևորը կոտրվելու ձևն է», իսկ նախկինում էր՝ «Ուրիշ ոչինչ կարևոր չէ»: Բատոնն ունի նմանություններ բրիտանական Cadbury ընկերության արտադրած Crunchie բատոնի հետ: Բացի Ավստրալիայից, այն հասանելի է Հավայան կղզիներում և մի քանի այլ վայրերում, ներառյալ Հոնկոնգում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում՝ Մոլլի Սթոունս և Քոսթ Փլաս Վորլդ մարքեթներում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էյբել Հոդլին 1889 թվականին Հարավային Մելբուռնում բացեց մուրաբայի գործարան՝ գործելով որպես A. Hoadley & Company: Մինչև 1895 թվականը բիզնեսը արագորեն ընդլայնվեց, և Հոդլին կառուցեց հնգահարկ շինություն: Նա արտադրում էր մուրաբաներ, դոնդողներ, մրգային պահածոներ, սոուսներ և հրուշակեղեն, և ուներ մինչև 200 աշխատակից: Մինչև 1901 թվականը արդեն կային չորս պահածոյացման գործարաններ և մեկ մեծ հրուշակեղենի արտադրամաս: Հոդլին ձեռք էր բերել Dillon, Burrows & Co ֆիրման և ընդլայնել իր արտադրանքը՝ ներառելով քացախ, կակաո և շոկոլադ: 1910 թվականին մուրաբայի բիզնեսը վաճառվեց Հենրի Ջոնսին, իսկ 1913 թվականին հիմնադրվեց Հոդլիի շոկոլադները:
Նույն թվականին Հոդլին արտադրեց իր առաջին շոկոլադե տեսականին և դրանք փաթեթավորեց մանուշակագույն տուփի մեջ՝ զարդարված մանուշակներով, ի պատիվ իր կնոջ սիրելի գույնի և ծաղկի: Տուփի տեսականու մեջ կար մեղրահացով կարամելի կտոր, որն այնքան հայտնի դարձավ, որ Հոդլին որոշեց արտադրել առանձին մեղրահացով կարամելային բատոն:
Սա ավելի բարդ գործ դուրս եկավ, քան սկզբում էր թվում, քանի որ մեղրահացով կարամելի կտորները սառչելիս խոնավություն էին կլանում և սկսում կպնել իրար: Մեղրահացով կարամելի հիգրոսկոպիկ բնույթը Հոդլիին ստիպեց ի վերջո իր բատոնները թաթախել շոկոլադի մեջ՝ կարամելը չոր և փխրուն պահելու համար, և այսպես 1913 թվականին ստեղծվեց Violet Crumble բատոնը:
Հոդլին ցանկանում էր իր նոր բատոնն անվանել պարզապես Crumble, սակայն քանի որ հնարավոր չէր այդ անունը պաշտպանել ապրանքանիշով, նա օգտագործեց իր կնոջ սիրելի ծաղիկը և գրանցեց Violet Crumble անունը: Այն ուներ մանուշակագույն փաթեթավորում՝ փոքր ծաղկի լոգոյով: Այն անմիջապես հաջողություն ունեցավ: Violet Crumble-ները ավելի փխրուն են քան Crunchie բատոնները՝ թեթևակի զեֆիրային համով:
1970 թվականին անգլիական Ռոունթրիս ընկերությունը ձեռք բերեց Հոդլիս Շոկոլադսը, որն արտադրում էր Violet Crumble-ը Ադելաիդայում մինչև 1985 թվականը[2]։ 1988 թվականին Նեստլեն ձեռք բերեց Ռոունթրիսը և արտադրությունը տեղափոխեց Մելբուռնի հյուսիսային Քեմփբելֆիլդ արվարձան:
2018 թվականի հունվարի 11-ին Ռոբերն Մենցը չբացահայտված գումարով գնեց Violet Crumble ապրանքանիշը և դրա հետ կապված մտավոր սեփականությունը, գործարանն ու սարքավորումները[3], և արտադրությունը վերսկսվեց 2018 թվականի հոկտեմբերի 10-ին[2]։
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1913 թ. - «Հոդլիս Շոկոլադս»-ը Մելբուռնում արտադրեց առաջին Violet Crumble բատոնը:
- 1972 թ. - «Ռոունթրիս»-ը ձեռք բերեց «Հոդլիս Շոկոլադս»-ը, և այն սկսեց կոչվել «Ռոունթրի Հոդլի ՍՊԸ»:
- 1989 թ. - «Նեստլեն» ձեռք բերեց «Ռոունթրիս»-ը: Ռոունթրիի շոկոլադե ապրանքանիշները սկզբում կոչվում էին «Նեստլե-Ռոունթրի», մինչև որ «Նեստլեն» հանեց «Ռոունթրի» անվանումը:
- 2009 թ. - «Նեստլեն» փոխեց Violet Crumble-ի տեսքը՝ դարձնելով այն ավելի լայն ու տափակ սալիկ: Մեղրային իրիսի բաղադրատոմսը նույնպես փոխվեց, որպեսզի կծելիս այն փշրվի փոքր կտորների:
- 2010 թ. - «Նեստլեն» ներառեց հայտնի Violet Crumble «պայուսակներ» արտադրատեսակը (ոչ բատոնները) իրենց հանված արտադրանքի ցանկում[4]։
- 2012թ. - Էյբել Հոդլիի ժառանգ երիտասարդ ձեռներեց Բրայան Հոդլին փորձեց վերականգնել Violet Crumble-ի անվան և բաղադրատոմսի իրավունքները:
- 2018 թ. - հունվարին «Ռոբերն Մենց»-ը հայտարարեց արտադրության իրավունքներն ու սարքավորումները ձեռք բերելու իր պլանների մասին և հոկտեմբերին սկսեց արտադրությունը:
- 2019 թ. - մարտին Violet Crumble պայուսակները ինը տարվա ընդմիջումից հետո վաճառքի հանվեցին անկախ մթերային խանութներում, ինչպիսին է IGA-ն[5]։
Փաթեթավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրահացով կարամելի միջուկի հիգրոսկոպիկ բնույթը խնդրահարույց էր: Մրցակիցները փորձում էին ապացուցել, որ բատոնները թարմ չեն՝ սեղմելով դրանք: Հոդլին արձագանքեց՝ ներդնելով խիստ կոդավորման համակարգ՝ պիտանելիության ժամկետը (12 ամիս) հետևելու և վատթարացած բատոնների վաճառքը կանխելու համար: Նա նաև համաշխարհային որոնում իրականացրեց՝ գտնելու օդամեկուսիչ փաթեթավորման նոր տեսակ, որը կպահպաներ բատոնի թարմությունը: Ի վերջո, ֆրանսիական La Cellophane ընկերությունը հատուկ Violet Crumble-ի համար ստեղծեց խոնավակայուն մետաղացված ցելոֆան:
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրահացով կարամելն արտադրվում և տեղափոխվում է օդափոխված տարածք, որտեղ այն կտրվում է բատոնների, այնուհետև իրականացվում է շոկոլադպատում: Բատոնները կրկնակի են պատվում՝ իրիսը օդից մեկուսացնելու համար: Հովացման համակարգերը բատոնները տեղափոխում են ավտոմատ փաթեթավորման մեքենաների մեջ:
Bertie Beetle՝ փոքր շոկոլադե սալիկ, որը վաճառվում է Ավստրալիայի խանութներում և ցուցահանդեսներում, ներկայացվել է 1963 թվականին՝ Violet Crumble-ի կոտրված կտորներն օգտագործելու համար:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Chocolate Bar Ingredients». Nestlé. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
- 1 2 3 Keogh, Melissa (2018 թ․ հոկտեմբերի 10). «Robern Menz begins Violet Crumble production in SA». Brand South Australia News.
- ↑ Gibbs, Brooke (2018 թ․ հունվարի 11). «Violet Crumble back in Australian hands after Nestle deal». Sydney Morning Herald.
- ↑ «Nestlé Deleted Products» (PDF). Nestlé. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-01-20-ին. Վերցված է 2013-09-25-ին. «NESTLE Violet Crumble bags NESTLE Violet Crumble Bar»
- ↑ «Violet Crumble back in the bag». inside FMCG.